Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցկացման գործողության շրջանակում դրանք «կուղղորդեն», սակայն ուղղակիորեն չեն ուղեկցի։

Նրանցից մեկի խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը առևտրային նավերին կտրամադրեն տեղեկատվություն նեղուցում ամենահարմար ծովային ուղիների մասին, այդ թվում՝ այն ուղիների, որոնք իրանցի զինվորականների կողմից ականապատված չեն եղել։ Նրա խոսքով՝ գործողությունը չի ներառի առևտրային նավերի պարտադիր ուղեկցում ռազմական նավերով։

Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ ամերիկյան նավերը գտնվելու են «անմիջական մոտակայքում», եթե անհրաժեշտ լինի կանխել իրանցի զինվորականների հարձակումները նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ-ի Մերձավոր Արևելքում կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կօգտագործեն հրթիռային էսմինեցներ և ավելի քան 100 ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու սարքեր՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

«Այս պաշտպանական առաքելությանը մեր աջակցությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային տնտեսության համար, մինչդեռ մենք նաև աջակցում ենք ռազմածովային շրջափակմանը», - երկուշաբթի հայտարարել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը։

Ինչպես ընդգծել են հրամանատարությունում, ԱՄՆ նախագահի նախաձեռնած առաքելությունը կաջակցի այն առևտրային նավերին, որոնք ձգտում են անխոչընդոտ անցնել Օրմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթաշրջանառության մեկ քառորդը, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի զգալի ծավալներ։

««Ազատություն» առաքելության ռազմական աջակցությունը կապահովեն կառավարվող հրթիռներով էսմինեցները, ավելի քան 100 ցամաքային և տախտակամածային բազավորման ինքնաթիռներ, բազմաֆունկցիոնալ անօդաչու հարթակներ և 15 հազար զինծառայող», - հայտնել են CENTCOM-ում։