Chevron-ի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայք Վիրթը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կսկսվի նավթի մատակարարումների ֆիզիկական դեֆիցիտ՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով, որով սովորաբար անցնում է հում նավթի համաշխարհային մատակարարումների 20 տոկոսը. հայտնում է Reuters-ը:
Տնտեսությունը կսկսի կրճատվել, նախ՝ Ասիայում, քանի որ պահանջարկը կհամապատասխանի առաջարկին, մինչդեռ նեղուցը կմնա փակ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով, ասել է Վիրթը Միլկենի ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ:
Իր հերթին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նախազգուշացրել է, որ գնաճն արդեն թափ է հավաքում, և համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել «շատ ավելի վատ հետևանքների», եթե Մերձավոր Արևելքում պատերազմը ձգվի մինչև 2027 թվականը, իսկ նավթի գները հասնեն մեկ բարելի դիմաց 125 դոլարի նշագծին:
Գեորգիևան հայտարարել է, թե պատերազմի շարունակումը նշանակում է, որ համաշխարհային վարկատուի սցենարը, որը նախատեսում էր համաշխարհային տնտեսական աճի աննշան դանդաղում և գների աննշան աճ, այլևս հնարավոր չէ:
Արդյունքում, ըստ նրա, ԱՄՀ-ի «անբարենպաստ սցենարն» արդեն ուժի մեջ է մտել: Երկարաժամկետ գնաճային սպասումները մնում են անփոփոխ, իսկ ֆինանսական պայմանները չեն խստանում, բայց դա կարող է փոխվել, եթե պատերազմը շարունակվի, հայտարարել է նա Միլկենի ինստիտուտի կազմակերպած համաժողովում:





























