Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փաշինյանին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը չի համարում Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 5-ին Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանին աջակցող իր հայտարարությունները միջամտություն են, և ինչով են դրանք տարբերվում դրա մյուս ձևերից։

Ի պատասխան՝ Մակրոնը փաստարկ է բերել, որը շատ էր հիշեցնում Օրուելի հայտնի արտահայտությունն այն մասին, որ բոլորը հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները։ Մակրոնի խոսքով՝ կա գաղտնի միջամտություն և բաց միջամտություն, և իր կարծիքով՝ երկրորդն ընդունելի է։

Մակրոնը վստահեցրել է, որ բացահայտ կերպով աջակցում է գործընկերոջը, որին վստահում է արդեն 8 տարի, և աջակցում է այնպես, ինչպես աջակցել է Մայա Սանդուին։ Նա հավելել է նաև, որ եվրոպացի առաջնորդների այցը նույնպես խոսում է աջակցության մասին։

Սա նույնը չէ, ինչ ԶԼՄ-ների և կեղծիքների միջոցով մանիպուլյացիաները, որոնք փորձում են ապակայունացնել իրավական պետությունում տիրող իրավիճակը, կարծում է Մակրոնը։ Նա հավելել է, որ չի կարելի խոսել միջամտության մասին, քանի որ դա «բաց դեմքով միջամտություն» է, սակայն կա Մոսկվայի պատվերով գործող օտարերկրյա գործակալների միջամտություն և նրանք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։