Սինգապուրի իշխանությունները թույլատրել են մարմնական պատիժներ կիրառել արական սեռի դպրոցականների նկատմամբ։ Դա կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ աշակերտը ծաղրի կամ կիբերբուլինգի է ենթարկում այլ աշակերտին, հաղորդում է The Guardian-ը։ Մասնավորապես, նրանց, ովքեր զբաղվում են ծաղրանքով ու հետապնդմամբ, կծեծեն ռաթանե մտրակով։ Կրթության նախարարությունում պարզաբանել են, որ նոր կարգապահական միջոցները տարածվում են ինը տարեկան և ավելի մեծ տղաների վրա։ Մեղավորին կարելի է առավելագույնը երեք հարված հասցնել, որոնց թիվը կսահմանվի կատարված արարքի ծանրությամբ։
Գերատեսչության ղեկավար Դեսմոնդ Լին հայտարարել է, որ մարմնական պատիժը «վերջին միջոցն» է։ Նրա խոսքով՝ այն կկիրառվի միայն այն դեպքում, «եթե ազդեցության այլ եղանակները արդյունք չեն տվել, և խախտումը գնահատվում է որպես բավականին ծանր»։ Մտրակներով հարվածները պետք է հաստատվեն դպրոցի տնօրենի կողմից և իրականացվեն միայն դրա համար լիազորված ուսուցչի կողմից։ Նաև նախատեսվում է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշակերտի հասունության մակարդակը և այն, թե արդո՞ք պատիժն ի վիճակի է օգնել նրան գիտակցել կատարածի ծանրությունը և դաս քաղել իր սխալից։ Լին հավելել է, որ մտրակի կիրառությունից հետո դպրոցը «կհետևի աշակերտի ինքնազգացողությանը և առաջընթացին», ինչպես նաև կտրամադրի հոգեբանական աջակցություն։
Եթե ծաղրանքի մեջ բռնացնեն աղջիկներին, նրանց կպատժեն այլ մեթոդներով՝ դասերից հետո թողնելով, դասերից հեռացնելով և վարքի գնահատականը նվազեցնելով։
Նոր կարգապահական միջոցները դարձել են բուլինգի խնդրին նվիրված երկարատև վերլուծության արդյունք։ Անցյալ տարի Սինգապուրի դպրոցներում տեղի են ունեցել ծաղրանքի մի քանի դեպքեր, որոնք լայն հասարակական արձագանք են առաջացրել։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, դեմ է երեխաների նկատմամբ մարմնական պատիժներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ամեն տարի աշխարհում տանը նման վերաբերմունքի է ենթարկվում մոտ 1,2 մլրդ անչափահաս, ինչը զգալի վնաս է հասցնում նրանց առողջությանը և զարգացմանը։



























