«Էջմիածին» ջրային ընկերությանը հատկացվել է 869 մլն 844 հազար դրամ (2,3 մլն դոլար՝ խմբ.), ինչը կապահովի դրա ֆինանսական կայունությունն ու բնականոն գործունեությունը։ Համապատասխան որոշումը մայիսի 7-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Ընկերությանը գումարը հատկացվել է դատական վեճերի ընթացքում։ Նշվում է, որ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018-2023 թվականների ընթացքում ընկերությունում իրականացված ստուգումների շրջանակում որոշում է ընդունվել վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին։ Կազմված փաստաթղթերով պատճառված վնասի փոխհատուցման գումարը կազմում է 869 միլիոն 844 հազար դրամ։
Ընկերությունը որոշումը բողոքարկել է դատարանում, և վարչական դատարանի վճռով բողոքը բավարարվել է, իսկ տեսչական մարմնի որոշումը ճանաչվել է անվավեր։ Հետագայում տեսչական մարմինը բողոք է ներկայացրել, վարչական վերաքննիչ դատարանը այն բավարարել է, և որոշումն ուժի մեջ է մտել։ Այնուհետև ընկերությունը բողոքը ներկայացրել է Հայաստանի վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ դատարանը հրաժարվել է ընդունել ընկերության վերաքննիչ վարույթը։ Դատական գործընթացը շարունակվում է։
Նշվում է, որ եթե փոխհատուցման գումարը օրենքով սահմանված ժամկետներում չվճարվի Հայաստանի պետական բյուջե, ընկերության վրա կկուտակվի շուրջ 43,5 մլն դրամի լրացուցիչ պարտք։
Միաժամանակ հաղորդվում է, որ վերը նշված ֆինանսական պարտավորությունների չկատարման դեպքում վտանգի տակ կդրվի 8300 հեկտար ոռոգելի հողատարածքների շուրջ 6700 ջրօգտագործողների ջրամատակարարումը։
Ընկերության կողմից պայմանագրերով սահմանված ժամկետներում գյուղատնտեսական հողատարածքների ջրամատակարարման պարտավորությունների խախտումը կհանգեցնի լուրջ իրավական և ֆինանսական հետևանքների։ 2026 թվականի ոռոգման սեզոնի համար նախատեսված գարնանային նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և պլանավորման գործընթացներն այժմ վտանգված են, քանի որ կարող են հսկայական պարտքեր առաջանալ աշխատավարձերի, հարկերի և կազմակերպչական ծախսերի գծով։





























