Օբամայի թիկնապահներին Կարթագեն կատարած այցի ընթացքում սպասարկած կոլումբիացի մարմնավաճառներն ահաբեկչական գործունեության հետ կապ չունեն, կարծում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Ինչպես գրում է Washington Post-ը, ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները 24 էջանոց զեկույց են ներկայացրել, որը պատասխանում է ԱՄՆ Սենատի մի շարք հանձնաժողովականների հարցերին: Փաստաթղթում ասվում է, որ հետաքննության ընթացքում հարցաքնվել են սիրո 12 քրմուհիներից 10-ը` 20-39 տարեկան կանայք, եւ նրանցից ոչ մեկը կոլումբիական հանցավոր կամ ահաբեկչական խմբավորումների հետ կապ չունի, գրում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը հրապարակել էր սենատոր Չակ Գրեյսլիի խոսքերը, ըստ որի` գործում ներգրավված մարմնավաճառները կարող էին կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Համաձայն լրատվամիջոցների լուրերի` Կոլումբիայի գագաթաժողովում Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովել են հատուկ ծառայությունների 175 աշխատակիցներ, որոնցից 135-ը կանգ էին առել «Կարիբե» հյուրանոցում, որտեղ զվարճացել էին ծառայությունից հեռացված զինծառայողները: Նրանց թվում եղել են քրեական հետաքննությունների բաժանմունքի ղեկավարներ, երեք դիպուկահարներ եւ ԱՄՆ անվտանգության հակաահաբեկչական ծառայության երեք աշխատակիցներ:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 13-ին Կոլումբիայից արտաքսվել էին «Ամերիկաների գագաթաժողովում» Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող ԱՄՆ-ի գաղտնի ծառայության 12 գործակալներ եւ 10 զինծառայողներ, ովքեր հյուրանոց էին տարել մարմնավաճառների: Մարմնավաճառներից մեկը աղմուկ էր բարձրացրել` խոստացված գումարը չստանալով: Միջադեպը մեծ աղմուկ հարուցեց, ինչից հետո ԱՄՆ գաղտնի ծառայությունը աշխատակիցների համար նոր կանոնակարգ մշակեց, համաձայն որի աշխատակիցներին արգելվում է աշխատանքն սկսելուց նվազագույնը 10 ժամ առաջ ալկոհոլ օգտագործել կամ հյուրանոցային համարում այլ երկրի քաղաքացիների հյուրընկալել:



























