ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն շտապում տեսուչներ ուղարկել՝ Իրանում հարստացված ուրանի հետ կապված իրավիճակը ստուգելու համար, սակայն ապագայում ամերիկացի մասնագետները կմիանան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) աշխատանքներին։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ամերիկացի տեսուչները կմասնակցեն ԱԷՄԳ-ի ապագա առաքելություններին, երբ դրանք կուղարկվեն Իրան՝ բարձր հարստացված ուրանի պաշարները որոնելու և գնահատելու համար, որը, նրա խոսքով, գտնվում է խորը գետնի տակ։
«Այժմ անհրաժեշտ չէ շտապել տեսուչների ուղարկման հարցում», — հայտարարել է Թրամփը հեռուստաալիքի հաղորդավար Թրեյ Ինգստին։
Նա հավելել է, որ այն օբյեկտը, որտեղ, ենթադրաբար, պահվում էր ուրան, հայտնվել է փլատակների տակ ամերիկյան B-2 ռմբակոծիչների հարվածից հետո՝ այն գործողության շրջանակում, որը նա անվանել է «Կեսգիշերային մուրճ»՝ նկարագրելով տեղի ունեցածը որպես լեռան փլուզում ստորգետնյա նյութի վրա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ օբյեկտը լրջորեն վնասվել է, իսկ նյութերին հասանելիությունն այժմ դժվարացած է խորքում տեղի ունեցած ավերածությունների պատճառով։





























