Հայաստանում 1000 բնակչի հաշվով հոգեկան խանգարումներ ունեն 10-ը (բնակչության 1%-ը): Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թ. Տարեգրքում:
Ընդ որում` հոգեկան խանգարումներ ունեցողների թիվը շեշտակիորեն աճում է: Այսպես` 2007 թ. կար 1000 բնակչի հաշվով 6.9 հոգեկան հիվանդ, իսկ 2009 թ.` 7.9:
Նշենք, որ ողջ աշխարհում վերջին տասնամյակում տեղի է ունենում հոգեկան խանգարումներ ունեցողների թվի աճ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2020 թ. հոգեկան խանգարումները կմտնեն այն հիվանդությունների առաջին հնգյակի մեջ, որ տանում են աշխատունակության կորստի: Աշխարհի բնակչության 15%-ը կարիք ունի հոգեբուժական օգնության, Ռուսաստանում այդ թիվը 25% է: Ըստ ռուսական մամուլի տեղեկությունների` հոգեբուժական կլինիկաների հաճախորդների թիվը 90-ական թվականներից հետո կրկնապատկվել է:
Գերմանական հեգբույժների վերջին ուսումնասիրությունների համաձայն` Եվրոպայի բնակչության 40%-ը կամ 160 մլն նմարդ ունի հոգեկան խանգարումներ:
Նշենք, որ թեեւ պաշտոնական տվյալներով Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցողների թիվը ցածր է (մոտ 1 %), սակայն գործնականում լուրջ հետազոտություններ այս ուղղությամբ չեն իրականացվում: Հիվանդների վերը նշված թիվն ընդամենը արտահայտում է 2 հոգեբուժարաններում (Նորքի եւ Սեւանի), մանկատներում եւ բժշկական հսկողության տակ գտնվողներին: Իրականում հոգեկան խանգարումներ ունեցողների մի զգալի հատված բժշկական հաստատությունների չի դիմում:


























