Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մայիսի 9-ի առավոտյան Կաչանովի ուղղիչ գաղութից տեղափոխվել է Խարկովի կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանությունը պնդում է, որ նախկին վարչապետի բուժմամբ բացառապես կզբաղվի բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցի նյարդաբան Լուտց Հարմսը:
Ավելի վաղ Տիմոշենկոն բժիշկների հետ զրույցում չի բացառել, որ կարող է համաձայնել մայիսի 9-ին Խարկովի հիվանդանոց տեղափոխվելուն, եթե այնտեղ ժամանի գերմանացի բժիշկը, հայտնում է vesti.ru-ն:
Նախկին վարչապետի դուստր Եվգենյայի խոսքով` գերմանացի բժիշկը, մասնավորապես, Տիմոշենկոյին դուրս կբերի հացադուլից:
«Բուժումը հնարավոր չէ միանգամից սկսել հացադուլի պատճառով, եւ դրա համար 10 օրից մինչեւ երկու շաբաթ կպահանջվի:
Դրանից հետո կարելի է սկսել բուժումը», - Տիմոշենկոյի դստեր խոսքերը մեջբերում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նախկին վարչապետը հացադուլ էր հայտարարել ապրիլի 20-ին` ի նշան կոպիտ վերաբերմունքի եւ Խարկովի հիվանդանոց տեղափոխելիս իր նկատմամբ բռնություն կիրառելու դեմ բողոքի:




























