Մայիսի 6–ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որեւէ նորություն չեն բերել, մենք կունենանք թվային պատկերին համապատասխան կիսաիշխանական, կիսաերկիշխանական Ազգային ժողով: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը՝ ընտրական գործընթացները գնահատելով դրական:
«Ես կարծում եմ, որ գործող նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլեւս գոյություն չունի եւ նախագահական ընտրություններից առաջ հստակ լծակներն իր ձեռքին են, բայց բոլոր դեպքերում ԱԺ-ում լինելու են երկու իշխանական բեւեռներ, հասարակությունը որեւէ նոր բան չի ստանում»,- նշեց նա:
Ալավերդյանի խոսքով՝ որակական առումով դիտորդական առաքելությունը մնում է շատ թույլ վիճակում, քանի որ արձանագրված խախտումները չեն կարողանում արձանագրել որպես իրավական փաստ:
«Եթե հավատանք, որ սա եղել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, ապա քաղաքացիական հասարակության խնդիրը հստակ է, նա պետք է հմտանա իր դիտարկումն իրավական փաստ դարձնելու գործում»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիական իրավունքի պարտականությունն է պարտադրել բոլորին՝ ունենալ նորմալ ընտրություններ առանց կեղտոտ մեթոդների:
Լարիսա Ալավերդյանն իրեն տեսնում է բարձրագույն ուսումնական ոլորտում, ընդունել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ղեկավար Արմեն Դարբինյանի հրավերը: «Ուսումնական, մինչեւ անգամ դպրոցական մակարդակը երանելի դաշտ է, որտեղ ես օգտակար կլինեմ»,- նշեց նա, ով նոր խորհրդարանում այլեւս պատգամավոր չի լինի:




























