Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվությունը նախկինի պես լուրջ մտահոգություն է առաջացնում Տոկիոյում․ Ճապոնիայում կարծում են, որ Փհենյանն ունակ է միջուկային հարված հասցնել երկրին։ Այս մասին հայտնի է Ճապոնիայի պաշտպանության նախարարության 2026 թվականի «Պաշտպանության սպիտակ գիրք» ամենամյա զեկույցից։
«Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվությունն ավելի լուրջ ու անխուսափելի սպառնալիք է ներկայացնում Ճապոնիայի ազգային անվտանգությանը, քան երբևէ»,- նշվում է զեկույցում։
Ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ի գործողությունները լրջորեն խաթարում են «տարածաշրջանի և միջազգային հանրության խաղաղությունն ու անվտանգությունը»։
«Հյուսիսային Կորեան անցկացրել է վեց միջուկային փորձարկում և, ըստ ամենայնի, տեխնոլոգիական հնարավորություն ունի իր բալիստիկ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկ տեղադրելու ու Ճապոնական արշիպելագին հարված հասցնելու համար»,- հայտարարել են պաշտպանական գերատեսչությունում։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Փհենյանը շարունակում է արտակարգ արագ տեմպերով բալիստիկ ու հիպերձայնային հրթիռներ մշակել, ինչպես նաև ձգտում է շահագործման հանձնել միջուկային մարտագլխիկ կրելու համար նախատեսված հեռահար թևավոր հրթիռները։
Բացի այդ, Տոկիոյի մտահոգությունն է առաջացնում Ռուսաստանի հետ ԿԺԴՀ-ի համագործակցությունը։
«Ռիսկ կա, որ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են հզորանալ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հաշվին, ինչը լուրջ անհանգստություն է պատճառում Ճապոնիային հարող տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից»,- նշել են ՊՆ-ում։



























