Ոչ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, ոչ իշխող «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, ոչ էլ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցները ներողություն չենք խնդրել ընդդիմադիր «Վրացական ժողով» խմբակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիայից` իրենց վարքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Բատուրիան: Միաժամանակ, նրա խոսքով, այս իրավիճակում ավելի կարեւոր է ներողություն խնդրել ոչ թե անձամբ իրենից, այլ հայ ժողովրդից:

«Ինձ այդ ներողությունները պետք չեն: Սուլեյմանովը, ինչպես նաեւ շուրջ 15 այլ պատգամավորներ, ովքեր մասնակցել են միջադեպին, վիրավորել են Վրաստանի ժողովրդին` ընդ որում էթնիկ հողի վրա: Դա պարզապես խայտառակություն է: Այդքանից հետո նրանք ներողություն չեն խնդրում այն մարդկանցից, որոց նկատմամբ լուրջ օրինախախտում են ցույց տվել»,-ասել է Բատուրիան, ընդգծելով, որ Սուլեյմանովը, ինչպես նաեւ ծեծկռտուքի մեկ այլ ակտիվ մասնակից` Ակակի Բոբոխոձեն ընդհանրապես պետք է դնեն մանդատները:

«Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Վրաստանի հայ քաղաքացիները, ովքեր հավաքվել էին խորհրդարանի շենքի առջեւ, իրենց շատ արժաապատիվ, հանգիստ ու կոռեկտ են պահել, իսկ խորհրդարանականները պարզապես խայտառակել են իրենց:

Վրաստանի ժողովուրդը, այդ թվում ազգային փոքրամասնությունները` հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, իրենց ավելի պետականամետ են պահում»,-ընդգծել է նա:

Ջոնդի Բագատուրիան նշել է, որ ապրիլի 20-ից հետո, երբ վրացահայերը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպեցին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խուսափում էին նրանց հետ հանդիպումներից, օգտվում էին խորհրդարանի շենքի պահեստային  ելքից եւ մուտքից: Մարդկանց հետ զրուցել է պետք, ոչ թե արհամարհել»,-նշել է Բագատուրիան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալել Վրաստանի իշխանություններից  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ, պատգամավորն ասաց հետեւյալը.  «Վրացական կառավարությունը պետությանը ծայրահեղ դժվար կացության մեջ է դրել նրանով, որ ինքն է կազմակերպել եւ ընդունել  չերքեզական ժողովրդի ցեղասպանությունը, իսկ հետո պարզվել էր, որ չերքեզներն անձամբ այնքան էլ չեն ընդունում իրենց ցեղասպանությունը: Այդ պատճառով դրա, ինչպես նաեւ  Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակահարմարության մասին կարծիքները  տարբեր են»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին, Վրաստանի խորհրդարանի անդամ Ջոնդի Բղաթուրիան իր ելույթում շոշափել էր հայերի համար այդ ցավալի հարցը: Ի պատասխան` մեկ այլ պատգամավոր, Մառնեուլիի շրջանից մեծամասական կարգով ընտրված Ազեր Սուլեյմանովն իրեն թույլ էր տվել ռասիստական արտահայտություններ հայ ժողովրդի հասցեին:

Այդ կապակցությամբ Վրաստանի հայ համայնքը պահանջում է Սուլեյմանովի հայտարարությունները դիտարկել Վրաստանի Քրեական օրենսգրքի 1421 հոդվածի ներքո, այն է` «Ռասայական խտրականություն, այսինքն գործողություններ` ուղղած ազգային կամ ռասայական թշնամանք սերմանելուն, կամ ազգային հարգանքի եւ արժանապատվության իրավունքները վիրավորելուն,մ որը պատժվում է մինչեւ 3 տարի ազատազրկմամբ»:

Այդ կապակցությամբ Վրաստանի օմբուդսմենը նույն օրը տարածել է արտակարգ հայտարարություն, որտեղ կտրականապես դատապարտել է Ազեր Սուլեյմանովի վարքը: