Տվյալ պահին Ղարաբաղի պաշտպանության բանակը հակառակորդի նկատմամբ առավելություն ունեցող դիրքեր  է զբաղեցնում: Այդ մասին, այսօր` մայիսի 16-ին, մամլո ասուլիսում հայտնել է փորձագետ Դավիթ Ջամալյանը` նշելով, որ ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ շփման գիծն անցնում է հակառակորդի ռազմավարական օբյեկտների մոտով, ինչը հարուցում է Ադրբեջանի զգուշավորությունը եւ նրան ագրեսիայից հետ պահող հիմնական գործոնն է:

«Հենց հակահարվածի սցենարն ու ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելն է  դիտարկվում Ղարաբաղի բանակի զորավարժանքների ժամանակ: Ղարաբաղի հյուսիսում եւ հարավում ադրբեջանցիներն ստիպված են մի կողմից հաղթահարել սարերը, մյուս կողմից` Արաքսը, ինչը բարդացնում է թվային առավելության կիրառումը:

Ինչ վերաբերում է շփման գծի արեւելյան` հարթավայրային մասին, ապա հրադադարի ընթացքում  խորը պաշտպանական գիծ է կառուցվել, որը թույլ կտա ոչ միայն հետ մղել թշնամու հարձակումը, այլեւ  արշավել մինչեւ Կուր` Ադրբեջանը կիսելով երկու մասի»,- նշել է Ջամալյանը:

Գնահատելով շփման գծում հրադադարի 18 տարին, փորձագետը նշել է, որ  Ղարաբաղի պաշտպանության բանակը այս ընթացքում նշանակալի հաջողությունների է հասել: Նրա խոսքով` շփման գծի ամբողջ երկայնքով արցախյան բանակը շարունակում է ամրապնդել իր դիրքերը` մինչեւ հակառակորդի նկատմամբ լիակատար առավելություն ստանալը, ինչը թույլ կտա առավելություն ստանալ ոչ միայն պատերազմի դեպքում, այլեւ նվազագույնի կհասցնի  դիվերսիայի եւ դիպուկահարների կրակոցների հնարավորությունները: