Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեման երեքշաբթի օրը երկրորդ ժամկետով ստանձնեց պաշտոնը՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները վիճարկել էր ընդդիմությունը, հայտնում է Associated Press-ը։
Ինաուգուրացիայի արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Լուսակայում գտնվող Ազգային հերոսների մարզադաշտում՝ նրա հազարավոր կողմնակիցների և մի շարք աֆրիկյան առաջնորդների ներկայությամբ։
Զամբիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հիչիլեման հաղթել է օգոստոսի 18-ի ընտրություններում՝ ստանալով ձայների շուրջ 60%-ը։ Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Բրայան Մունդուբիլեն, ստացել է մոտ 38% և հայտարարել է քվեարկության ընթացքում խախտումների մասին՝ հրաժարվելով ճանաչել արդյունքները։
Ընտրություններից հետո Մունդուբիլեն և ընտրություններում նրա գործընկեր Մակեբու Զուլուն ձերբակալվել են։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք գտնվում են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մուկոբեկոի խիստ ռեժիմի բանտում։ Մունդուբիլեն ավելի վաղ հայտարարել էր, որ մտավախություն ուներ իր կյանքի համար այն բանից հետո, երբ ուժայինները խուզարկություն էին իրականացրել նրա տանը։
Իր ինաուգուրացիոն ելույթում Հիչիլեման հայտարարել է, որ իշխանությունները լսել են ոչ միայն նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին, այլև ընդդիմության կողմնակիցներին։
«Մենք երախտագիտությամբ ընդունում ենք ձեր աջակցությունը և հստակ գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որ այն դնում է մեր վրա։ Նրանց, ովքեր ընտրել են այլ թեկնածուների կամ այլ կուսակցություններ, մենք նույն անկեղծությամբ ասում ենք՝ մենք ձեզ լսել ենք»,- ասել է նախագահը։
Արարողությանը ներկա են եղել, մասնավորապես, Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն, Բոտսվանայի նախագահ Դումա Բոկոն և Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան։
Զամբիան ընդհանուր առմամբ խաղաղ ընտրություններ է անցկացնում 1991 թվականից, երբ երկրում վերականգնվել է բազմակուսակցական համակարգը։ Սակայն ներկայիս ընտրարշավն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով և քվեարկության արդյունքների շուրջ դատական վեճերով։





























