Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար դառնում է «ամբողջովին վտանգավոր»։ Նա նախազգուշացրել է ավիաընկերություններին և ապահովագրողներին ռուսական օդանավակայաններ, առաջին հերթին՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ կարևոր քաղաքներ, թռիչքների ռիսկերի մասին։ «Ուկրաինան որպես այդպիսին չի սպառնում քաղաքացիական ավիացիային՝ ոչ մի քաղաքացիական ինքնաթիռի։ Պարզապես Ռուսաստանի երկնքում դրոններ կլինեն, այնպես որ պետք է դա հաշվի առնել», — գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում՝ ընդգծելով, որ «Ռուսաստանի սանձազերծած պատերազմը փակում է նրա երկինքը»։
Պետության ղեկավարը կոչ է արել օտարերկրյա պետությունների դեսպաններին և ավիաընկերություններին հաշվի առնել այս տեղեկությունը, իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարել է միջազգային կառույցներին տրամադրել ռիսկերի մասին ամբողջական տվյալներ։ «Մենք Ուկրաինայում չենք ցանկանում անմեղ կյանքերի կորուստ… Դրոնների մեջ քաղաքացիական ավիացիայի տեղ չկա», — ամփոփել է Զելենսկին։
Օգոստոսի 20-ին The Atlantic-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի կողմից մոսկովյան օդանավակայանների վրա լայնածավալ հարձակման նախապատրաստման մասին՝ արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար դրոնների երամի կիրառմամբ։ Պարբերականի տվյալներով՝ M& Ms կոդային անվանումով գործողությունը մինչև հուլիսյան պաշտոնանկությունը մշակել է պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը։ Ծրագիրը նախատեսում էր մեկ գիշերվա ընթացքում արձակել մինչև 1000 փոքր անօդաչու սարք՝ նպատակ ունենալով գերծանրաբեռնել ՀՕՊ-ը և կաթվածահար անել Մոսկվայի օդանավակայանները, որպեսզի միջազգային ավիաընկերությունները, այդ թվում՝ Turkish Airlines-ը և Emirates-ը, դադարեցնեն թռիչքները դեպի Ռուսաստան։ Աղբյուրների խոսքով՝ Զելենսկին հավանություն է տվել գործողության նախապատրաստմանը, սակայն մտահոգություն է հայտնել քաղաքացիական ինքնաթիռների համար ռիսկի պատճառով։
Սակայն Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչն այն ժամանակ այս տեղեկությունն անվանել է «լիակատար անհեթեթություն»՝ նշելով, որ Ուկրաինան իսկապես ցանկանում է հասնել ռուսական օդանավակայանների փակմանը, բայց չունի բավականաչափ ճշգրիտ զենք՝ հարվածներ հասցնելու համար՝ առանց քաղաքացիականների համար ռիսկի։
Մինչդեռ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) 2025 թվականի հունվարից խորհուրդ է տալիս չիրականացնել թռիչքներ Ռուսաստանի օդային տարածքում՝ 60-րդ միջօրեականից արևմուտք։ Անցած ամռանը այդ հանձնարարականը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Այժմ ԵՄ-ից ավիաընկերությունները Ռուսաստան չեն թռչում, սակայն այլ երկրներից որոշ փոխադրողներ շարունակում են իրականացնել չվերթներ։





























