Գլոբալ տաքացումը ճապոնական ֆուգու դելիկատեսի պատրաստումը դարձնում է ավելի բարդ և պոտենցիալ վտանգավոր։ Ծովի ջերմաստիճանի բարձրացման պատճառով տարբեր տեսակի փքաձկներ փոխում են իրենց տարածման արեալները, հանդիպում նոր շրջաններում և խաչասերվում՝ առաջացնելով հիբրիդներ, որոնց մոտ մահացու տետրոդոտոքսինի բաշխվածությունը դեռևս հստակ չէ։ Այս մասին հայտնում է This Week in Asia պարբերականը։
Ֆուգուն Ճապոնիայում բարձր է գնահատվում՝ չնայած թունավորման վտանգին։ Փքաձկների շատ տեսակներ պարունակում են տետրոդոտոքսին՝ հզոր նեյրոթույն, որը կարող է առաջացնել կաթված, շնչառության կանգ և մահ։ Այդ պատճառով 1958 թվականից ֆուգու վաճառքի համար պատրաստող խոհարարները պարտավոր են ունենալ հատուկ լիցենզիա։
Այժմ սովորական անվտանգության համակարգը բարդացնում է կլիմայի փոփոխությունը։ Ինչպես նշում է Շիմոնոսեկիի Ազգային ձկնորսական համալսարանի պրոֆեսոր Հիրոսի Տակահաշին, Ճապոնիայի առափնյա ջրերի ջերմաստիճանը բարձրանում է մոտավորապես երկու անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջին տեմպերը։ Խայտաբղետ փքաձկները, որոնք նախկինում հիմնականում բնակվում էին Ճապոնական ծովում, սկսել են շարժվել դեպի հյուսիս և հանդիպել տեղական տեսակներին։
Ֆուկուսիմա և Իբարակի պրեֆեկտուրաների ափերի մոտ որսում հիբրիդները, վերջին ուսումնասիրության տվյալներով, կազմել են մինչև 40%։ Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաև Տոկիոյի ծոցի շրջանում, որտեղ ֆուգուի այլ տեսակներ նույնպես սկսել են խաչասերվել արեալների փոփոխության պատճառով։
«Վտանգը նրանում չէ, որ հիբրիդները անպայման ավելի թունավոր են, քան սկզբնական տեսակները։ Խնդիրն այն է, որ տարբեր փքաձկների մոտ տետրոդոտոքսինը կուտակվում է տարբեր օրգաններում, իսկ նոր հիբրիդների համար դեռևս բավարար տվյալներ չկան, որպեսզի հուսալիորեն որոշվեն ձկան անվտանգ և թունավոր մասերը», — զգուշացնում են գիտնականները։
Ճապոնիայի իշխանություններն արգելել են նման հիբրիդների վաճառքն ու օգտագործումը, սակայն դրանք սովորական ֆուգուից տարբերելը երբեմն դժվար է լինում։ Տակահաշիի թիմը մշակել է ԴՆԹ թեստ, որը թույլ է տալիս հայտնաբերել հիբրիդ ձկներին և հեռանկարում կարող է օգնել վերահսկել որսը։
Հետազոտողները նշում են, որ ֆուգուն ծովային էկոհամակարգերի ավելի լայնածավալ փոփոխությունների միայն մեկ օրինակն է։ Տաքացումը ստիպում է տեսակներին տեղափոխվել նոր շրջաններ, որտեղ նրանք բախվում են այլ օրգանիզմների և խախտում սովորական էկոլոգիական կապերը։




























