Սպիտակ տունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» պաշտամունքային տեսախաղի տիեզերքի հերոսի կերպարում։
X սոցիալական ցանցում Սպիտակ տունը հրապարակել է տեսանյութ, որը նկարահանված է ճապոնական «Nintendo» ընկերության ստեղծած ֆենթեզի արկածային էքշն խաղի ոճով։ Այս խաղաշխարհի հիմքը դրվել էր դեռևս 1986 թվականին, և դրանից ի վեր թողարկվել են տասնյակ հիմնական սյուժետային խաղեր ու սփին-օֆեր։
Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը հատկապես հավանել է 1998 թվականի տարբերակը՝ «The Legend of Zelda: Ocarina of Time»-ը։ Տեսանյութի սկզբնամասը ձևավորված է հենց այդ խաղի գրաֆիկայով, իսկ նոր անվանումն է՝ «The Legend of Trump»։ Հանդիսատեսին առաջարկվում է հետևել, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը՝ խաղի գլխավոր հերոսի դերում, լուծում Սպիտակ տան առջև ծառացած խնդիրները։
«Նախագահ Թրամփն անդադար աշխատում է՝ Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»,- նշվում է տեսանյութում։





























