Բռնաբարության համար դատված Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին մայիսի 20-ին թույլ են տվել ներկա գտնվել որդու` Նոամի հարսանիքին:
Բանտից Կացավը դուրս է եկել 7 ժամով: Նա լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում, սակայն մյուս հարցերին չի պատասխանել:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Կացավը բաց էր թողնվել գրավի դիմաց: Բժշկական հանձնաժողովը որոշել էր, որ նա հասարակության համար վտանգավոր չէ, իսկ ոստիկանությունն էլ տվել էր իր համաձայնությունը:
Մայիսի 13-ին Գերագույն դատարանը մերժել էր Իսրայելի նախկին նախագահի խնդրանքը` իր բողոքարկումը եւ Թել Ավիվի շրջանային դատարանի կայացրած վճիռը նորից վերանայելու վերաբերյալ: Այդպիսով, 7-ամյա բանտային ժամկետը, որին դատապարտվել է Կացավը բռնաբարության եւ այլ սեռական հանցագործությունների համար, վերջնական վճիռ է եւ բողոքարկման ենթակա չէ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի սկզբին Մոշե Կացավին վերջնականապես արգելել էին դուրս գալ բանտախցից` առանց բանտային արտահագուստի: Ավելի վաղ որպես բացառություն բանտային իշխանությունները թույլ էին տվել նրան հագնել կոստյում եւ փողկապ հարազատների հետ հանդիպումների ժամանակ: Մայիսի սկզբին Մոշե Կացավն առաջին անգամ հագել է բանտարկյալի նարնջագույն հագուստ: Այդպիսով, ավարտվել է նախկին նախագահի համարյա կեստարյա «սկզբունքների պատերազմը» Բանտային վարչության հետ: Այն ժամանակ էլ նշվել էր, որ բանտային կանոնակարգին հետեւելու Կացավի համաձայնությունը կապված է այն բանի հետ, որ նախկին նախագահը ցանկանում է ներկա լինել որդու հարսանիքին:




























