Ռուսաստանի նախագահի կլիմայի և ջրային ռեսուրսների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը, հայտնում է ТАСС-ը։

Համաժողովին մասնակցելու իր մտադրության մասին Էդելգերիևը հայտնել է ТАСС-ին Մոսկվայում անցկացվող Ecumene գլոբալ ֆորումի շրջանակում։

«Հայաստանում մենք ունենալու ենք կենսաբազմազանության վերաբերյալ համաժողով։ Ամեն դեպքում ես պետք է այնտեղ լինեմ»,- ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որն ուղղված է կենսաբազմազանության պահպանմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխմանը։ Փաստաթուղթը բացվել է ստորագրման համար 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համաժողովում։ Ռուսաստանի համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995 թվականին։