ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքները Կոնգրեսում չեն ազդի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա։ Այսպես է նա մեկնաբանել նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ըստ որոնց Թեհրանը, հնարավոր է, հույս ունի սպասել ընտրություններին, նախքան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելը, հաղորդում է NBC News-ը։

«Կարծում եմ՝ իրանցիները սխալ են հասկանում մեր համակարգը։ Ըստ իս՝ Իրանում պատրանք ունեն, թե դեմոկրատները կհաղթեն նոյեմբերին, և նախագահն այլևս չի կարողանա նրանց դեմ քայլեր ձեռնարկել։ Պարզապես չեմ կարծում, որ նրանք լավ են հասկանում, թե ինչպես է կառուցված մեր համակարգը»,- ասել է Ռուբիոն լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Նանշել է, որ Կոնգրեսը իշխանության կարևոր ճյուղ է, սակայն նրա լիազորությունները սահմանափակ են, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։

«Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցների սահմանմանը և ռազմական ուժի կիրառմանը, նախագահը չափազանց լայն լիազորություններ ունի։ Դրանք ունի յուրաքանչյուր նախագահ։ Նա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և ունի սահմանադրական ու այլ լիազորություններ՝ այդ գործառույթներն իրականացնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը։

Այսպիսով Ռուբիոն մերժել է այն ենթադրությունը, ըստ որոնց ընտրություններից հետո Կոնգրեսում ուժերի հնարավոր վերադասավորումը կարող է էականորեն փոխել վարչակազմի գործողությունները Իրանի նկատմամբ։

Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, որ, իր կարծիքով, Իրանը մտադիր է սպասել նոյեմբերյան ընտրություններին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի քաղաքական դիրքեր կունենա ԱՄՆ նախագահը քվեարկությունից հետո։

«Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք անմիջապես ընտրություններից հետո, որովհետև նրանց համար իմաստ չունի դա չկնքել։ Նրանք սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչպես ես հանդես կգամ միջանկյալ ընտրություններում»,- ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ընտրություններին նշանակություն չի տալիս, երբ խոսքը Իրանի մասին է, և պնդել էր, որ այդ գործոնը չի ազդում իր որոշումների վրա։