Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթը կուղեկցվի «անակնկալներով», գրում է The Times of Israel-ը։
«Այսօր երեկոյան ես մեկնում եմ Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պաշտպանեմ Իսրայելն ու ՑԱԽԱԼ-ի զինվորներին»,- ասել է Նեթանյահուն իր գրասենյակի հրապարակած տեսաուղերձում։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ ՄԱԿ-ի հարթակում Իսրայելի մասին «սարսափելի սուտ» է տարածվում։
«Ես պայքարելու եմ ստի դեմ, պայքարելու եմ ճշմարտության, մեր զինվորների և մեր երկրի համար»,- հայտարարել է Նեթանյահուն։
«Կլինեն նաև անակնկալներ»,- հավելել է նա՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
Նեթանյահուի ելույթը տեղի կունենա Իսրայելի գործողությունների և Գազայում պատերազմի հետնապատկերին հնչող սուր միջազգային քննադատության պայմաններում։ Իսրայելի վարչապետը նախկինում բազմիցս օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը՝ իր երկրի գործողությունները պաշտպանելու և դրա հակառակորդներին քննադատելու համար։





























