Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կտրուկ հարձակվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի վրա՝ նրան մեղադրելով հակասեմականության և փաստերի խեղաթյուրման մեջ։
«Ամոթ ձեզ։ Ամոթ ձեզ, որ դուք խեղաթյուրում եք փաստերը։ Ամոթ ձեզ, որ դուք փոխում եք զոհի և ագրեսորի տեղերը։ Ամոթ ձեզ, որ թքում եք ճշմարտության երեսին, պարոն Մամդանի։ Այն պահից, երբ դուք ընտրվեցիք այս քաղաքի քաղաքապետ, շատ հրեաներ այլևս իրենց անվտանգ չեն զգում Նյու Յորքում։ Նրանք ինձ ասում են, որ սա այլևս այն քաղաքը չէ, որը մենք հիշում ենք»,- հայտարարել է Նեթանյահուն։
Պաշտպանելով Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում շարունակվող երեքամյա պատերազմի ընթացքում՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է. «Ահա պարզ ճշմարտությունը. Իսրայելը ցեղասպանություն չի իրականացրել։ Իսրայելը կանխել է ցեղասպանությունը, և հենց դա էլ մեզ կանեին պարոն Մամդանիի՝ ՀԱՄԱՍ-ի ընկերները, եթե մենք նրանց չկանգնեցնեինք»։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են Գազայի պատերազմի ընթացքում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Այս շաբաթվա սկզբին Մամդանին կրկին քննադատել էր Նեթանյահուին՝ նրան անվանելով ռազմական հանցագործ։ Միաժամանակ քաղաքապետն ընդունել էր, որ լիազորություններ չունի ձերբակալելու Իսրայելի վարչապետին՝ նրա՝ Նյու Յորքում գտնվելու ընթացքում, չնայած իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր դա անել։
Երեքշաբթի Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում Մամդանիին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու և «Նյու Յորքի հրեաների դեմ անկարգություններ հրահրելու» մեջ։
Մամդանին մերժել է տեսանյութում հնչած մեղադրանքները և Նեթանյահուին անվանել «պաղեստինցիների դեմ սարսափելի ցեղասպանության ճարտարապետ»։




























