Հայաստանի նախագահի աշխատակազմում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը:

Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները: Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոդքի տեղամաս տեղափոխելու գործընթացը:

Նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների վրա: