Երեւանում 218 բնակելի բազմահարկ շենքեր, մանկապարտեզներ, դպրոցներ կենտրոնացված ջերմամատակարարման եւ տաք ջրամատակարարման հնարավորություն են ստացել: Այս մասին դեկտեմբերի 15-ին Ավան վարչական շրջանում «Ինքնավար ջերմաէլեկտրակայան -1»-ի բացման արարողության ժամանակ հայտնեց ԻՋԷԿ-1-ի տնօրեն Ալեքսանդր Մարչենկոն։ Ըստ նրա՝ 20 մեգավատ ջերմային էներգիայի հզորությամբ կայանից կարող են օգտվել 190 բնակարանների բնակիչներ։ Լրացուցիչ հայտերի դեպքում ջեռուցման եւ ջրամատակարարման աշխատանքը կշարունակվի: Կայանի տնօրենի խոսքով՝ տեղադրված կոգեներացիոն (ջերմային եւ էլեկտրական էներգիաների համակցված արտադրության տեխնոլոգիայի կիրառում) սարքը նաեւ էլեկտրաէներգիա է արտադրելու, որի սպառողները եւս Ավանի բնակիչներն են լինելու։

Կայանը սպասարկվելու է «ՀայՌուսկոգեներացիա» ընկերությունը: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 37 մլն դոլար է կազմել:

Կայանի բացման արարողությանը ներկա էին Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ ջերմամատակարարման սակագները դեռ չեն որոշվել, սակայն այն ավելի ցածր է լինելու, քան այժմ բնակարաններում տեղադրված անհատական գազակաթսաներով ջեռուցման դեպքում։ Արտադրված էլեկտրաէներգիան էներգետիկ ցանցին վաճառվելու է ոչ ավելի բարձր սակագնով, քան Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը` շուրջ 27 դրամ: