Օրերս Վիեննայում Ադրբեջանի դեսպանությունը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի, Միջազգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի եւ Խաղաղության միջազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով «Ադրբեջանի դերը Եվրոպայի եւ Կասպիական տարածաշրջանի հարաբերությունների ամրապնդման մեջ» թեմայով: Արդեն սովորական դարձած ոճով ադրբեջանցիներն այս անգամ էլ, ի դեմս այդ երկրի մեջլիսի պատգամավոր Գուլթեկին Հաջիբեյլիի, փորձել են ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
Սակայն այս անգամ ադրբեջանցիների բախտը չի բերել, քանի որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Ավստրիայի դեսպանությունների ներկայացուցիչները, որոնք կարողացել են արժանի պատասխան տալ ելույթ ունեցողին:
Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի զավթման արդյունք է, այլ իրենց պատմական տարածքում բնակվող հայերի՝ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակ հետեւողականորեն իրականացված մարդու իրավունքների ոտնահարում, էթնիկ զտումների եւ խտրականության, հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանք:
Լեռնային Ղարաբաղը մի կտոր հող չէ, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանից, այլ հայերի հայրենիք, որի հայ բնակչությունն իրականացնում է իր ինքնորոշման իրավունքը եւ ցանկանում է ինքը տնօրինել իր ճակատագիրը: Դեսպանության ներկայացուցիչը նաեւ շեշտել է, որ միջազգային օրենքները չեն դասակարգում այդ երկու սկզբունքները որպես առաջնային եւ երկրորդական, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադաս չէ տարածքային ամբողջականության իրավունքին, նույնիսկ ավելին, ներկայումս ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջեւ քննարկվող փաստաթղթի հիմքում հավասարապես դրված են այդ երկու սկզբունքները: Անդրադառնալով Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական շահարկումներին՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախքան Խոջալուի ողբերգական դեպքերը, ադրբեջանցիներն իրականացրել էին Սումգայիթի եւ Բաքվի հայազգի բնակչության կոտորածները, երբ հակամարտության տարածքից շատ հեռու բնակվող Ադրբեջանի հայ քաղաքացիները սպանվեցին իրենց իսկ բնակավայրերում: Ադրբեջանական կողմը, բնականաբար, միշտ լռում է այդ մասին:




























