Apple-ի առաջատար դիզայներ Ջոնաթան Այվին Բրիտանական կայսրության ասպետ են կարգել: Այժմ նա դարձել է «սըր» Ջոնաթան Այվ: Արարողությունը կայացել է մայիսի 23-ին, Բուքինգհեմյան պալատում, այն անցկացրել է Եղիսաբեթ II-ի դուստրը` արքայադուստր Աննան: Դիզայներն ստացել է Բրիտանական կայսրության Ասպետ-կոմանդորի կոչում:

2005-ին նա արժանացել էր Բրիտանական կայսրության կոմանդորի կոչման, բայց դա ասպետական կոչում չէր:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, Ջոնաթան Այվը Apple-ում աշխատում է 1992 թվականից, իսկ 1996-ից գլխավորում է դիզայներների խումբը: Հենց Այվն է որոշել Apple-ի ապրանքատեսակների արտաքին տեսքը, այդ թվում iMac-ի, MacBook Air-ի, iPod-ի, iPhone-ի եւ iPad-ի: