Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուսիթների հետ հակամարտությունը։
«Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին սրացումը և աճող լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը»,- ասվում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնում է, որ զրույցի ընթացքում Արաղչին իր գործընկերոջը զգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների վրա շեշտադրումը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում։
«Ռազմական գործողությունների վրա շեշտադրումը և քաղաքական լուծման անտեսումը միայն կվատթարացնեն ստեղծված իրավիճակը»,- ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հաստատել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ օգնություն Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև բանակցություններ սկսելու և «քաղաքական լուծում փնտրելու» համար։
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գտնվող թագավոր Խալեդի անվան օդանավակայանը հուսիթների կողմից ենթարկվել է գնդակոծության։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց թվում են Սաուդյան Արաբիայի հպատակներ, ինչպես նաև Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ-ի քաղաքացիներ, ևս ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել։
Կիրակի օրը Էր-Ռիադի օդանավակայանը կրկին հարվածի է ենթարկվել։ Հաղորդվել է մեկ զոհվածի և 11 վիրավորի մասին։
Սաուդյան Արաբիան Եմենում հուսիթների դեմ ռազմական գործողություններին մասնակցում է միջազգային հանրության կողմից ճանաչված եմենական կառավարության կողմում։





























