Նախկին խորհրդային երկրները դեռեւս չեն հասունացել Եվրամիությանը անդամակցելու համար, սակայն ապագայում այդ հնարավորությունը չի բացառվում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Մենք փորձում ենք նախկին Խորհրդային Միության երկրներին տրամադրել բոլոր հնարավորությունները՝ Եվրամիությանը առավել մերձենալու համար, սակայն կա մեկ հարց, որ դեռեւս չի հասունացել. դա Եվրամիությանը նրանց անդամակցության հարցն է։ Այս պահին մենք չենք կարող հստակ պատասխանել անդամակցության վերաբերյալ հարցին, միեւնույն ժամանակ՝ չենք կարող բացառել այդ հնարավորությունը ապագայում», — ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատարը եւ հավելել, թե արեւելյան գործընկերների հետ շփումներում Եվրամիությունը շարունակաբար ընդգծում է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը։ «Ես մշտապես բավական խիստ եմ վերաբերվել այդ հարցերին նախկին Խորհրդային Միության պետությունների ղեկավարների հետ անձնական շփումներում, սակայն միշտ չէ, որ նեղն եմ գցել նրանց հանրության առջեւ»,- ասել է Ֆերերո-Վալդները: