Չինաստանում Հայաստանի դեսպանությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Չինաստանում բնակվող հայերի հավաք-ընդունելություն:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառմանը մասնակցել են Պեկինում, Շանհայում, Շենջենում, Գուանջոույում, Հոնկոնգում, Չինաստանի այլ քաղաքներում բնակվող Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացի հանդիսացող հայեր՝ ուսանողներ, գործարարներ, ծառայողներ, տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ով շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ հավաքը նախաձեռնելու եւ իրականացնելու համար: Նա խոստացել է դեսպանության աջակցությունը Չինաստանում բնակվող կամ ժամանակավորապես այնտեղ գտնվող հայերի համար տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու եւ հովանավորելու հարցում:

Միջոցառումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում` հայկական երաժշտության, երգի ու պարի ներքո: