Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման դեմ: Reuters գործակալությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, «Մեր դիրքորոշումն այդ հարցում ակնհայտ է, մենք կուսակցության փակման դեմ ենք: Մենք հավատարիմ ենք այն տեսակետին, թե պետք է պատժվեն առանձին քաղաքական գործիչներ, այլ ոչ կուսակցությունը»:

Թուրքիայի վարչապետը կոչ է արել խորհրդարանին մանրամասն եւ ուշադիր քննարկել կուսակցության փակման հարցը: Ընդ որում, նա ընդգծել է, որ դա լուծվող խնդիր է. «Մենք կհաղթահարենք այդ խնդիրները, հենց մեր ազգը համախմբվի եւ համերաշխ դառնա»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 4-օրյա քննարկումներից հետո Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել DTP-ն փակելու մասին: Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչը հայտարարել է, թե փակումը կախված է Քրդական բանվորական կուսակցության հետ DTP-ի ունեցած կապերի հետ: ՍԴ որոշմամբ, DTP առաջնորդ Ահմեդ Թուրքն ու նրա կուսակիցները զրկվել են քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից, բացի այդ բռնագրավվելու է նրանց եւ կուսակցության ունեցվածքը: