Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն. ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:

«Միաժամանակ, սակայն, դեռեւս հստակեցված չէ բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության հարցը, որն սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը»,- նշել է ԼՂՀ խորհրդարանի նախագահն ու հավելել. «Այս համատեքստում մենք կարեւորում ենք միջազգային տարբեր կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ ձեւավորվող վերաբերմունքը, ինչը ընթանում է կոշտ տեղեկատվական քարոզչության պայմաններում»:

Աշոտ Ղուլյանը նկատել է նաեւ, որ ԼՂՀ-ում վերջին տարիներին նկատվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման միտում: «Իշխանությունների կարծիքով` ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավումն ուղղակիորեն ունի նաեւ արտաքին քաղաքական գործոնի ուժ: Մենք խնդիրը դիտարկում ենք նաեւ հայրենադարձության կտրվածքով»,- նշել է Ղուլյանը: