«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը ողջունում է ՀՀ Ոստիկանության պատրաստակամությունը՝ միանալու «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը:
«Այս շարժումը բաց է բոլորի համար եւ հանդիսանում է յուրօրինակ մի պլատֆորմ, որը նպատակ ունի համախմբել շրջակա միջավայրի՝ մասնավորապես կենցաղային աղբով աղտոտվածության խնդիրներով մտահոգ եւ մեր երկրում աղբի տեսակավորման եւ վերամշակման գաղափարները սերմանելուն աջակցող պետական, հասարակական եւ բիզնես սեկտորի մտահոգ կազմակերպություններին եւ անհատներին:
Կոչ ենք անում բոլոր շահագրգռված կազմակերպություններին, պետական կառույցներին միանա՛լ շարժմանը եւ միասին իրականացնե՛լ կամավորական այս համաշխարհային նախաձեռնությունը»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let's Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, եւ «Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:
ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը` մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար:



























