Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 29-ին, տեղի է ունեցել Մարիամ Գեւորգյանի գործով դատավարության երկրորդ նիստը, ով ամուսնու եւ սկեսուրի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Առաջին նիստի ժամանակ (մայիսի 14-ին) դատավորը բավարարել է մեղադրվող Հայկանուշ Մելիքյանի (սկեսուր) պաշտպանի` նկարահանումներն արգելելու մասին միջնորդությունը, իսկ արդեն այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատական նիստը դռնփակ անցկացվի:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է այս գործով անցնող մյուս տուժողի՝ Մելինե Բայաթյանի եւ ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Մարիամ Գեւորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանն այսօր «Ա1+»-ին հայտնել է, որ միջնորդության բավարարումից հետո, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, իսկ միջնորդությունը հիմնավորելու համար երկու օր ժամանակ է խնդրել։
Դատական նիստը կշարունակվի հունիսի 1-ին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հարսներին դաժանաբար ծեծի եւ կտտանքների ենթարկելու մեջ մեղադրվող սկեսուրի հանդեպ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում) եւ 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Նշենք նաեւ, որ Հայաստանի Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է քրգործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի եւ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբերից մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաեւ իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին եւ Մարիամ Գեւորգյանին:
Քննիչի 2010-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 118-րդ հոդվածով (ծեծ), սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:



























