Լոռիի մարզում այս տարի տեղացած կարկտահարության եւ գայլերի հարձակումներից տուժած գուղացիների հետ կապված Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից ստեղծված հանձնաժողովում աշխատանքներ են տարվում պատճառված վնասի չափերը ճշտելու եւ այն կառավարություն ներկայացնելու ուղղությամբ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշեց, որ կարկտահարության դեպքում գոյություն ունի սահմանված կարգ, ըստ որի նախ համայնքները պետք է կարկտահարության մասին տեղեկացնեն մարզպետարանին` համապատասխան ակտի հետ միասին: «Այս պահի դրությամբ նմանատիպ ամբողջական փաստաթղթեր մենք ստացել ենք միայն Ազնվաձոր համայնքից, իսկ մյուս համայնքները կամ հեռախոսազագով են տեղեկացրել, կամ էլ միայն գրություն են ուղարկել»,-ասաց նա:

Գրիգոր Հակոբյանի փոխանցմամբ, համայնքները շատ հաճախ ուռճացնում են վնասի չափերը: «Լինում են դեպքեր, երբ մենք գնացել նայել ենք ու պարզել, որ թեեւ կարկուտ իրոք եկել է, սակայն ցանքսը կամ աճած չի եղել, կամ էլ վնասները շատ փոքր մաս են կազմել»,-ասաց նա:

Անդրադառնալով մարզում տեղի ունեցած գայլերի հարձակման դեպքին, վարչության պետը փաստեց, որ հանձնաժողովը պարզել է, որ Արջուտ գյուղում գայլերը հոշոտել են 18 գլուխ մայր ոչխար եւ 10 գառ: «Մենք աս հարցը եւս կառավարություն կուղարկենք»,-հավաստիացրեց նա:

Նշենք, Լոռիի մարզպետարանի գյուղատնռեսության վարչություն այս տարի ստացվել է գայլերի հարձակման 2 դեպք` Արջուտ եւ Լուսաղբյուր համայնքներում: Երկու դեպքն էլ գրանցվել են նույն օրը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի