Ռուսաստանցի հայտնի մագնատ Օլեգ Դերիպասկան, ով կասկածվում է ռուսական մաֆիայից ստացած փողերի լվացման մեջ, հրաժարվում է ցուցմունքներ տալ Իսպանիայի ազգային դատական պալատի քննիչ Ֆերնանդո Անդրեուին, գրում է իսպանական El Paίs թերթը։
Միաժամանակ, Դերիպասկան պատրաստակամություն է հայտնել պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում պատասխանել իսպանական արդարադատության հարցերին, ինչը, նրա խոսքով, դեռեւս տեղի չի ունեցել։
«Ես չեմ եղել եւ հիմա էլ որեւէ հանցավոր կազմակերպության անդամ չեմ։ Իսպանիայի տարածքում ես երբեք բիզնեսով չեմ զբաղվել եւ շահույթներ չեմ ստացել Իսպանիայում գրանցված որեւէ ընկերությունից»,- ասել է նա։
Ռուսաստանցի մագնատի խոսքով, ինքն Իսպանիայում եղել է ընդամենը երեք անգամ. մի անգամ «ընկերոջ ծնունդին», եւս երկու անգամ Hochtief ընկերության հետ բանակցությունների պատճառով, որի բաժնետեր է հանդիսանում ինքը։



























