«Ես ըտենց մարդու ոչ լսում եմ, ոչ էլ կարդում եմ: Ինչ ա պատասխանել»: Այսպես արձագանքեց ՀՀԿ-ական գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն` անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր կարծիքով, ի՞նչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանն իր տարածած հայտարարության մեջ, որտեղ հիշատակվում է Հայրապետյանը:
Լսելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն «Ֆրաու Նեմեց» են ասում, Հայրապետյանն ասաց. ««Համբերեք առաջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ, իմ ու իրա, դրանից հետո կիմանաք պատասխանը»:
Ավելի վաղ NEWS.am տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին:
«Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը:
Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը»,- իր կայքում գրել է Փաշինյանն ու հավելել. «Նեմեցին խորհուրդ եմ տալիս կռահել, թե ում մասին են այդպես ասում: Համոզված եմ նրա սերժանտական միտքը եւ սաշիկական ինտելեկտը գոնե այսքանը հասկանալու հնարավորություն տալիս են»:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում, իսկ երբ նրան հիշեցրել էին, ասել էր. «Հա էն լաչառ երեխեն: Հա ինչ է եղել, թող գա, համ էլ կդաստիարակենք ձեռի հետ, էլի»:




























