Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ այսօր` մայիսի 30-ին, ստորագրված նոր կոալիցիոն հուշագրով ՕԵԿ-ին կտրվի երեք նախարարական պորտֆել: NEWS.am-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ`  Արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարներ, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանն ու Սերգո Կարապետյանը  կպահպանեն իրենց պաշտոնները: Դրանից բացի` ՕԵԿ-ին կտրվի կամ Տրանսպորտի եւ կապի կամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` այդ հարցում դեռեւս հստակություն չկա:

Բայց մեկ բան պարզ է, եթե Տրանսպորտի եւ կապի նախարարի պորտֆելը տան ՕԵԿ-ին, ապա այժմյան նախարար Մանուկ Վարդանյանը այն չի ղեկավարի, քանի որ կուսակցությունում լուրջ խնդիրներ ունի: ՕԵԿ-ին տրվող երրորդ նախարարական պորտֆելի հավակնորդներն են Խաչիկ Հարությունյանը կամ Սամվել Թադեւոսյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին պատգամավորի մանդատից կհրաժարվի նաեւ Իշխան Խաչատրյանը, ով աշխատանքի կանցնի գործադիրում: Մեկ նախարարական պորտֆելի ավելացման եւ Իշխան Խաչատրյանի հրաժարականի շնորհիվ` ՕԵԿ խմբակցությունում կհայտնվեն համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող Նելսոն Զուլոյանը եւ Դավիթ Կարապետյանը:

Կոալիցիոն հուշագրի շնորհիվ ՕԵԿ-ին կտրվեն նաեւ փոխնախարարների եւ փոխմարզպետների պաշտոններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ:

Հիշեցնենք, որ մինչեւ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գործող կոալիցիայի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիայի ստեղծումը:

Նշենք, որ ՕԵԿ-ն ընտրություններում ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից միայն 5-ն էլ լինելու պատգամավոր:

Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակվել էր ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, որի առաջին 10 հորիզոնականներում հետեւյալ անձինք են.

1. Բաղդասարյան Արթուր Վահանի

2. Բիշարյան Հեղինե Վաչեի

3. Երիցյան Արմեն Հենրիկի

4. Կարապետյան Սերգո Վաչագանի

5. Հարությունյան Խաչիկ Արամայիսի

6. Շահգելդյան Մհեր Լեւոնի

7. Խաչատրյան Իշխան Միշայի

8. Թադեւոսյան Սամվել Գեորգիի

9. Զուլոյան Նելսոն Նորայրի

10. Կարապետյան Դավիթ Անդրանիկի