Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մինչեւ ուշ գիշեր զբոսնել են Բաթումում: Նախագահը ԱՄՆ պետքարտուղարին պատմել է քաղաքի պատմությունը եւ նշել, որ այն Նոր Օռլեանի քույր քաղաքն է, իսկ քաղաքի ճարտարապետությունը այն մարդու հեղինակածն է, ով ժամանակին կառուցել է Նիցցան եւ Կաննը:

Զբոսանքի ընթացքում Քլինթոնը հետաքրքրվել է անգլերենի ուսուցման ընթացքով: Սահակաշվիլին հայտնել է, որ Վրաստանում ավելի քան 2000 ուսուցիչներ կան, որոնք ամսական մինչեւ 200 դոլար գրպանի փող են ստանում եւ բնակվում են տեղի բնակիչների տանը` դրանով իսկ հաղորդակցվելով վրացական մշակույթին, ավանդույթներին եւ լեզվին: Պետքարտուղարը զրուցել է նաեւ ամերիկացիների հետ, որոնք եկել են վրացիներին անգլերեն սովորեցնելու:

Վրաստանի նախագահը նշել է, որ անգլերենի ուսուցիչներին հրավիրելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ ինքն իմացել է, որ Սանդրա Ռուլովսի եղբայրը ողջ կյանքում շրջում է Աֆրիկայի երկրներով եւ երեխաներին անգլերեն սովորեցնում, գրում է «Գռուզիա Online»-ը:

Նախագահը Հիլարի Քլինթոնին ծանոթացրել է Բաթումի զբոսաշրջային ներուժին:

Ավելի վաղ Բաթումի արդարադատության տանը կատարած էքսկուրսիայից հետո նախագահ Սահակաշվիլին հյուրին վրացական անձնագիր էր նվիրել, որտեղ արտացոլված են վերջին տարիներին Վրաստանի արդարադատության ոլորտում անցկացված բարեփոխումները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  շրջագայում է Կովկասի երկրներով: Նա Բաթում է ժամանել Երեւանից, իսկ այսօր այնտեղից կուղեւորվի Բաքու: