Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ընկերության շինարարները այսօր`հունիսի 16-ին, ներխուժել են մշակութալուսավորչական գոտի եւ զավթում են Նալբանդյան 104 սեփական տան ընդհանուր օգտագործման տարածքը, որը Գոտիավորման նախագծով դեռեւս 2007 թվականից ի վեր հաստատվել է որպես մշակութային քառակուսի:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունից: Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար իր պնդմամբ արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես՝ «Չուբար քանդակների այգի» խորագրով:

Նրանց փոխանցմամբ` այդ ընկերությունը ներկայացնող մոսկվաբնակ գործարար Գեւորգ Մարդանյանը առանց համաձայնության ներխուժել է Գոտիավորման նախագծով որպես մշակութալուսավորչական նշանակության գոտի սահմանված տարածք եւ զավթել դրա մի մասը:

Հիշեցնենք, որ գործարարը հայհոյանքներով եւ անպարկեշտ արտահայտություններով դուրս էր վռնդել Նալբանդյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա եւ Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներին իրեն օտարված Նալբանդյան 106/1 տարածքից  եւ իրականացրեց ծառահատումներ:

Նշենք, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի հստակ պահանջն է, որ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի օտարումը եւ օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաեւ հողամասերի կառուցապատումն իրականացվեն գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան: Նշված օրենքի 14/1 հոդվածում հստակ շարադրված է, որ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»: