Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր`  հունիսի 19-ին, Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Լուսառատի համայնքապետարանում: NEWS.am-ին Տարածքային կատավարման նախարարությունից հայտնեցին, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների, Լուսառատի եւ Փոքր Վեդիի համայնքապետերի մասնակցությամբ քննարկվել են «Քաղաքատեղի Արտաշատ» հանրապետական նշանակության  հուշարձանի պահպանական գոտու սահմանների ճշգրտմանը, այդ տարածքում գտնվող գյուղնշանակության հողերի օգտագործմանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահպանական գոտում գտնվող գյուղնշանակության հողատարածքների սեփականատերերի կողմից գործունեության տեսակը փոխելու մտադրության դեպքում այդ մասին գյուղապետերի միջոցով կտեղեկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը` մասնագետների հետ հարցն ուսումնասիրելու եւ պատմահնագիտական տարածքի հնարավոր վնասումը կանխելու համար:

Անդրադարձել են նաեւ համայնքների գերեզմանատան խնդրին: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է համայնքապետերի հետ քննարկել այդ նպատակով նոր տարածքի հատկացման հարցը: Հյուրերը նաեւ շրջայց են կատարել պահպանական գոտու տարածքում, այցելել  պեղումների վայր:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելել է Արարատի մարզպետարան, որտեղ մարզպետ Է. Բարսեղյանի հետ քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ավարտին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվել է, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ  ավարտվել են: Երրորդ փուլով մարզին հատկացված 1,3 մլրդ դրամը հիմնականում կուղղվի դպրոցների, մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը,  ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացման աշխատանքներին: Քննարկվել են  նաեւ համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող եւ մի շարք այլ հարցեր: