Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներկայացնող կանադական ընկերությունը Հայաստանում ընկերություն է հիմնադրել` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Ազատ տնտեսական գոտում:
Ընկերությունը նախատեսում է գործունեության առաջին 5 տարիների ընթացքում իրականացնել 2.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում եւ ստեղծել շուրջ 25 աշխատատեղ:
2012 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի կառավարությունը որոշմամբ հավանություն է տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կունենա բարձր եւ նորարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծում եւ արտադրություն) ոլորտներում:




























