«Այն բանից հետո, երբ Թուրքիան, ըստ էության, չի կարողանում պայմանավորվել Եվրամիության հետ, նրա համար արդեն միեւնույնն է, կբացվեն Հայաստանի հետ սահմանները, թե` ոչ: Թուրքիան 20 տարի ապրել է Հայաստանի հետ փակ սահմաններով, կապրի եւս այդքան»,- այս մասին ադրբեջանական 1news.az-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Անկարան նաեւ չի պնդի ԼՂ խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային պետք է ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ հիմա բանակցությունները այդ կառույցի հետ արգելակված են: Հակառակը. Անկարան կցանկանա դեռ երկար փակ պահել սահմանը, որպեսզի կրկին օգտագործի այդ գործոնը ԵՄ-ի հետ բանակցություններում եւ հետաձգի այդ հարցը ավելի լավ ժամանակների: Հիմա ամեն բան կախված է Հայաստանից: Նրա տնտեսությունը շատ ցավալի վիճակում է, եւ եթե նա ցանկանում է դուրս գալ այդ պայմաններից, ապա պետք է մի շարք գործուն քայլեր ձեռնարկի ԼՂ խնդրում»,- ասել է Ալիզադեն ու հավելել. «Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ Բաքուն համոզի Թուրքիային՝ բացել Հայաստանի սահմանը: Իսկ դրա համար Բաքուն քայլեր պետք է տեսնի Երեւանի կողմից»: Ադրբեջանցի քաղաքագետն, ըստ էության, մտավախություն ունի, որ Թուրքիան այնուամենայնիվ կարող է բացել սահմանը, ուստի փորձում է նման հայտարարություններով տպավորություն ստեղծել, թե Թուրքիան պետք է այդ հարցը պայմանավորի ԵՄ-ի անդամակցության եւ ԼՂ հարցերով:




























