Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու եւ երկու մարդու մահվան պատճառ դառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի, 54ՍՍ555 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ, Գայի պողոտայի եւ Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկում ընդհարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2795 պետհամարանիշի ավտոմեքենային, որից հետո, ընթանալով դեպի աջ, ընդհարվել է ճանապարահի աջ կողմում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2815 եւ «ՎԱԶ 11183» մակնիշի, Տ2820 պետհամարանիշների ավտոմեքենաներին, որի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանն եւ ուղեւոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:




























