Լոռիի մարզի անասնապահությամբ զբաղվող գյուղացիները կանգնել են փաստի առաջ: Խնդիրը ձմռան անասնակերի բացակայությունն է, մասնավորապես Լոռիի արոտավայրերում ու խոտհարքներում խոտ չկա, եղածներն էլ չեն բավականացնի գյուղացուն` անասնակերի հարցը լուծելու համար:
Լոռիի մարզի ուրոշ համայնքներում մեկ հակ խոտի գինը տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում, ինչը բաականին գումար է, ու միջին հաշվով մեկ գլուխ կովը ձմռան ընթացքում ուտում է միջինը 100 հակ խոտ (խոտի մեկ հակը կշռում է 20-25կգ):
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը եւս հաստատեց գյուղացիների դժգոհությունը, փաստելով, որ անասնակերի պակաս մարզում իրոք կա, ինչի հետեւանքով հնարավոր է նաեւ անասնագլխաքանակի նվազում: «Նախորդ տարիների 30-35 տոկոսի չափով կարող ենք անանակեր կուտակել, եթե չհաշվենք սարամասերը, որտեղ վիճակը մի քիչ լավ է»,-ասաց նա, նկատելով, որ սարամասերից խոտ տեղափոխելն էլ իր խնդիրներն ունի. «Ճանապարհները հեռու են, ծախսը շատ կլինի, ինչի հետեւանքով էլ անասնակերի գինը կբարձրանա` նախորդ տարվա համեմատ գոնե կրկնակի»,-ասել է նա:
Լոռիի մարզում ընդհանուր առմամբ կա 35645 հա արոտավայր: Այս պահի դրությամբ հաշվառված է շուրջ 72 հազար խոշոր եղջերավոր անասուն, որից շուրջ 36 հազարը` կով: Լոռեցի անասնապաները փաստում են, որ անասնապահությունը գնալով դառնում է ոչ եկամտաբեր, ու եթե այսպես շարունակվի, ապա իրենք եւս կբռնեն արտագաղթի ճանապարհը:



Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























