Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրից տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է աշակերտներին համակարգիչների բաժանման միջոցառմանը եւ խնդրել աշակերտներին, որ իրենց մտքերը հայտնեն եւ նամակներ ուղարկեն իրեն՝ Էլ-փոստի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Թուրքիայի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է Քոջաելի քաղաքում տեղի ունեցող համակարգիչների բաժանման արարողությանը։ Այդ ծրագիրը կոչվում է «Համակարգիչ չունեցող չպետք է մնա»: Վարչապետ Էրդողանը հիշեցնելով, որ արդեն անվճար 130 000 համակարգիչ է բաժանվել՝ հույս է հայտնել, որ աշակերտները համակարգիչները կօգտագործեն իրենց գիտելիքները ավելացնելու եւ տեղեկացված լինելու համար։
Վերջում Թուրքիայի վարչապետը հայտնել է իր էլ-փոստի հասցեն եւ խնդրել երեխաներից, որ իրեն նամակներ ուղարկեն եւ կիսեն իրենց մտքերն իր հետ։



























