FEMEN-ը իր պաշտոնական բլոգում հայտնել է իր նկատմամբ իրականացվող զանգվածային հետապնդումների մասին: Աղջիկները վստահեցնում են, որ Կիեւում հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրանց դեմ քրեական գործ հարուցելու մասին:

«Ոստիկանությունը FEMEN-ի  նկատմամբ զանգվածային որս է սկսել: Ողջ գիշեր Կիեւի Միխայլովսկի 21 փողոցում գտնվող FEMEN գրասենյակը փակվել է ՆԳՆ-ի հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից»,-ասվում է պաշտոնական հայտարարության մեջ,- FEMEN ակտիվիստուհիները հանգիստ են վերաբերում իրենց ճաղերի ետեւ գցելու իշխանությունների մոլագար ձգտմանը, ոչ մի գրամ չեն զղջում կատարած արարքի համար եւ պատրաստ են սցենարի ցանկացած զարգացմանը»:

Հիշեցնենք, որ FEMEN շարժման աղջիկները Կիեւում, ի աջակցություն Pussy Riot խմբին, բենզասղոցով կտրել են ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցված խաչը: Ոստիկանությունից հայտնել է, որ խաչը կանգնեցվել էր ստալինյան ռեպրեսիայի զոհերի հիշատակին եւ քրեական գործ է հարուցվել` FEMEN-ին մեղադրելով խուլիգանության եւ սեփականության ոչնչացման մեղադրանքով, հայտնում է ՌԲԿ-ն: