Հունվարի 12-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին Ռուսաստանի դիվանագիտական շրջանակների հավաստի աղբյուրները։ Նշենք, որ 2010 թվականի ընթացքում սա արտասահմանյան պատվիրակության առաջին այցելությունն է Երեւան։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրան կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։

Միեւնույն ժամանակ, հունվարի 12-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա կայցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է կոչ անել Մոսկվային՝ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։