Մարտի 1-ին տեղի ունենալիք համահանրապետական հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսն իր հետագա գործողությունների համապարփակ ծրագիր կներկայացնի, որն իր անդրադարձը կունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա ողջ 2010 թվականի ընթացքում: Այս մասին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 10-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ ընտրությունները կայանալու են հունվարի 10-ին:

Լ. Տեր-Պետրոսյանի խոսքով, ընդդիմությունը իր ավելի քան երկամյա պայքարի ընթացքում արձանագրել է ոչ թե բարոյական, այլ իրական հաղթանակներ: «Ամենանշանակալի եւ իրական հաղթանակն այն է, որ չնայած բռնություններին ու մարտի 1-ի գնդակահարություններին, ժողովուրդը նույնքան կուռ ու միահամուռ շարունակում է պայքարել իր իրավունքների համար: Մարդիկ, որոնք շարունակում են պայքարել, այս երկրի հարստությունն են եւ եթե դեռ կա հպարտանալու բան, ապա հենց դա է»,- ասել է ընդդիմության առաջնորդը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի արարքը, որոնք հանել են իրենց թեկնածությունները Նիկոլ Փաշինյանի օգտին, վստահություն հայտնելով, որ նման բան անհնար է իշխանական ճամբարի քաղաքական գործիչների շրջանում: