Բրիտանական ոստիկանությունը ուղղաթիռների օգնությամբ փնտրում է առյուծի, որին Էսսեքս կոմսության բնակիչները տեսել էին մոտակա  դաշտում: Ենթադրվում է, որ առյուծը օգոստոսի 26-ին փախել է կոմսության տարածքում շրջագայող կրկեսից:

Ինչպես հայտնում է   Daily Mail թերթը, տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացվում 30 ոստիկաններ, նրանց օգնում են երկնքում պտտվող երկու ուղղաթիռ, սակայն փախուստի դիմած գազանին այդպես էլ  չեն հայտնաբերել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ առյուծը  փախել է Great British Circus կրկեսից: Սակայն կրկեսի ղեկավարությունը չի հայտարարել փախուստի դիմած  առյուծի մասին: Միաժամանակ հայտնի է դարձել, որ կրկեսի տերը որոշել է դադարեցնել վայրի գազանների հետ համարների ցուցադրությունը:

Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին առյուծին տեսնելու դեպքում անհապաղ տեղյակ պահել, իսկ Daily Mail-ը, իր հերթին, խնդրել  է ընթերցողներին ուղարկել կենդանու լուսանկարները, եթե ինչ որ մեկին հաջողվի լուսանկարել նրան: