Հայաստանում սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 23-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այսպես, սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություներ կկայանան 481 համայնքներում, մասնավորապես՝ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվի նոր ընտրություը, իսկ համայնքներից մեկում՝ Բամբակաշատում, թեկնածուներից մեկը մահացել է եւ ըստ օրենսգրքի՝ պետք է նշանակվի նոր ընտրություն: Օրինակ՝ Հայկաձորում թեկնածուի մինչ ընտրության օրը քսանմեկ տարին լրացած չլինելու պատճառով նրա գրանցումը մերժվել է, հետեւաբար՝ այլ թեկնածու չառաջադրվելու պատճառով այդ համայնքում եւս կկայանան նոր ընտրություններ:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 5201 թեկնածու, որոնցից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 412-ը, քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածուի անուն:
Ի դեպ, սեպտեմբերի 9-ին, ամենամեծ համայնքը, որտեղ կկայանան ընտրություններ, Գյումրին է, այն ունի 79 տեղամաս, իսկ ամենափոքրը Սյունիքի Քաշունի համայնքն է, որն ունի 19 ընտրող: Ավագանու անդամի ամենաշատ թեկնածուները Գյումիրում է, որտեղ կլինի 72 ավագանու թեկնածուի անուն: Համայնքների 35 տոկոսում լինելու է միայն մեկ թեկնածու, իսկ 4 քաղաքաjին համայնքներում՝ Կապան, Քաջարան, Ագարակ, Թումանյան, ընտրությանը կմասնակցի մեկ թեկնածու՝
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ առաջադրբած 5201 թեկնածուներից 3236-ը անկուսակցական է, «Հանրապետությունից» առաջադրվել է 3, «Ժառանգությունից»՝ 8, ՀՀԿ-ից՝ 1444, ՕԵԿ-ից՝ 64, ՀՀՇ-ից՝ 18, ՀՅԴ-ից՝ 101, ԲՀԿ-ից՝ 304 թեկնածու եւ այլն:
Համայնքի ղեկավարների գրանցված 716 թեկնածուներից 33-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ ավագանու անդամների պարագայում՝ գրանցված 4073 թեկնածուներից 416-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի դեպքում գրանցված թեկնածուներից մինչեւ 40 տարեկան են 168, 40-60 տարիքային խմբում՝ 495, 60 եւ ավելի տարիք ունեցող 53 թեկնածու: Իսկ ավագանու անդամի դեպքում 1743 թեկնածու մինչեւ 40 տարեկան է, 2028-ը՝ 40-60 տարեկան է, իսկ 60 եւ ավելի տարիք ունեցողների դեպքում՝ 302 թեկնածու:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























